23 հունիսի 2010 - 21:56 AMT
ՖԻԴԵ-ի նախագահ. Ջերմուկը շախմատի զարգացման և տարածման կենտրոններից է

Հունիսի 23-ին Ջերմուկ քաղաքում կայացել է կանանց չորրորդՖԻԴԵ-ի Գրան պրիի բացման արարողությունը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ջերմուկից, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյուժմինովը ողջունել է բոլոր հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև մաղթել գեղեցիկ շախմատային պարտիաներ:

«Ընդամենը երկու տարի առաջ այս հնագույն խաղի սիրահարները չգիտեին, որ աշխարհի շախմատային քարտեզի վրա կա այսպիսի չքնաղ քաղաք: Հիմա այն հայտնի է աշխարհում որպես շախմատի զարգացման և տարածման կենտրոններից մեկը: Մրցաշարը կարող է դառնալ կանանց շարքում աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն»,- նշել է ՖԻԴԵ-ի նախագահը:

Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ և շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Իրանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մոհամմադ Ջաֆար Կամբուզիան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը և մրցաշարի հատուկ հյուր, շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Նոնա Գապրինդաշվիլին (Վրաստան):

Մրցաշարի գլխավոր դատավորներն են Արմեն Նիկողոսյանը և Ջուլիետտա Նահատակյանը: