24 հունիսի 2010 - 20:38 AMT
Հայաստանի գծով ԵԽԽՎ համազեկուցողները Երևան կժամանեն 2011 թվականի գարնան սկզբին

Հայաստանի գծով ԵԽԽՎ (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի) համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբյեն ողջունում են Հայաստանում հստակ ճանապարհային քարտեզի հետագա բարեփոխումների մշակման ուղղությամբ ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի կողմից անցկացված մի շարք նախաձեռնությունները: Ինչպես ասվում է ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, համազեկուցողները, այնուամենայնիվ, նշում են, որ դեռևս շատ անելիք կա բարեփոխումների ապահովման համար այն առանցքային հարցերում, որոնք բարձրացվել էին Վեհաժողովում:

«Ինչ վերաբերում էհամազեկուցողներին ուղղված խոսնակի նամակում ներկայացված Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ապա հարկ է ընդգծել, որ օրենսգրքի նախագիծը հենց այս նպատակի համար հատուկ ստեղծված աշխատանքային խմբի ընդդիմության հետ չի քննարկվել: Մեզ համար ակնհայտ է, որ Ընտրական օրենսգիրքը, որը չի քննարկվել երկրի զանազան քաղաքական ուժերի հետ և հիմնված չէ նրանց միջև լայն համաձայնության վրա, չի նպաստի ընտրական համակարգում հասարակական վստահության հաստատմանը»,- հայտնում են համազեկուցողները:

Բացի դրանից, Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբյեն մտահոգություն են հայտնել ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների առիթով: Միևնույն ժամանակ համազեկուցողները գոհունակություն են հայտնել Հայաստանի ոստիկանության ու դատական համակարգի բարեփոխումների կապակցությամբ:

«Մենք Հայաստան կվերադառնանք գարնան սկզբին, որպեսզի մանրամասն քննարկենք այդ հարցերն իշխանությունների հետ: Մեր քննարկումները հիմնված են լինելու նաև Հայաստանի քաղաքական ուժերի լայն շրջանակի հետ մոնիթորինգային կոմիտեում լսումների արդյունքների վրա»,- ամփոփում են համազեկուցողները: