25 հունիսի 2010 - 12:34 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը ողջունում է Քուվեյթի ներդրումներն երկրի տնտեսության տարբեր ոլորտներում

Հունիսի 25-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Մուհամմադ ալ-Շիմալիին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ և արաբ ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որի հիմքի վրա այսօր հաջողությամբ զարգանում են միջպետական հարաբերությունները: Քուվեյթի ֆինանսների նախարարը վստահեցրեց, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ` նշելով, որ իր այցին հետևելու են քուվեյթյան բարձրաստիճան պաշտոնյաների այլ այցելություններ:

Կողմերը հանգամանորեն քննարկեցին երկու պետությունների միջև առևտրատնտեսական, կրթության, գիտության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ողջունում ու աջակցում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում քուվեյթյան ներդրումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց այսօր ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը և կարևորեց մոտ ապագայում տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի համաձայնեցումը և կնքումը: Երկուստեք նշվեց, որ Հայաստանի և Քուվեյթի միջև օդային հաղորդակցության հաստատումը կխթանի տնտեսական փոխգործակցության զարգացումը:

Նախարար Նալբանդյանը խնդրեց իր ողջույնները փոխանցել քուվեյթցի գործընկերոջը և վերահաստատեց Երևան այցելելու նրան ուղղված իր հրավերը: