25 հունիսի 2010 - 13:41 AMT
Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո սկսվեց ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի նոր փուլ

«Կարծում եմ, հիմա` Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո, սկսվել է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի նոր փուլ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, լրիվ հավանական է, որ Սանկտ Պետերբուրգում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ: «Իլհամ Ալիևը սկզբից համաձայնվել է դրանց հետ, բայց հետո «անսպասելի» մեկնել: Կարծում եմ, որ այդ նոր առաջարկները Հայաստանի համար ավելի լավ են, քան Մադրիդյան սկզբունքները: Եվ այն, որ Հայաստանի նախագահը մեկնել է Ստեփանակերտ, վկայում է այն մասին, որ մենք պատրաստ ենք դրանք հիմք ընդունել հետագա բանակցությունների համար: Պատահական չէ նաև, որ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին հայտարարությունը լսվել է ընդհանուր օրակարգից դուրս, և դա վկայում է այն մասին, որ իրականում մենք թևակոխում ենք բանակցությունների նոր փուլ».- ասել է Սաֆրաստյանը:

Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված դիվերսիոն խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատված: ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: