25 հունիսի 2010 - 17:59 AMT
Գարեգին Երկրորդն ընդունել է Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությանը

Հունիսի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակությանը` Նորին Սրբությունը նկատեց, որ նախարարի այցը լավագույն վկայությունն է այն ջերմ հարաբերությունների, որ առկա են երկու ժողովուրդների և երկրների միջև: Հայոց Հայրապետը նաև գոհունակություն հայտնեց Ավստրիայի հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար` նշելով, որ հայ համայնքի առկայությունը կարևոր խթան է փոխհարաբերությունների զարգացման ճանապարհին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական Եկեղեցու վիճակին խորհրդային տարիներին և Հայաստանի անկախացման շրջանին, ինչպես նաև ներկայիս գործունեությանը կրթական և սոցիալական ոլորտներում, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: