25 հունիսի 2010 - 18:07 AMT
Հուլիսի 16-19-ը Երևանում կանցկացվի Նելսոն Ստեփանյանի անվան Սամբոյի պատանեկան միջազգային հուշամրցաշար

Հուլիսի 16-19-ը Երևանում կանցկացվի Սամբոյի պատանեկան միջազգային մրցաշար, որը կրելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը: Հուշամրցաշարը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին և անցկացվելու է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Ռուսաստանի «Ռուսհամագործակցություն» դաշնային գործակալության ՀՀ ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Արդեն մրցաշարին մասնակցելու հայտեր են ներկայացրել ԼՂՀ-ն, Վրաստանը, Հունաստանը, ՌԴ Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերը: Օրերս սպասվում են նաև Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, ՌԴ այլ երկրամասերի, ինչպես նաև` Ուկրաինայի և Բելոռուսի թիմերի մասնակցությունը հաստատող տեղեկություններ:

Հուշամրցաշարն անց է կացվելու ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: