Բակո Սահակյան. Արցախում ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարության հետագա զարգացման համար

Բակո Սահակյան. Արցախում ստեղծված են բարենպաստ պայմաններ գործարարության հետագա զարգացման համար

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին ԼՂՀ-ում մեկնարկել է «Բրիջ Արցախ-2010» 2-րդ տնտեսական համաժողովը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ողջունել է «Բրիջ Արցախ-2010» 2-րդ տնտեսական համաժողովի մասնակիցներին և մաղթել հաջող ու արդյունավետ աշխատանք: «Ուրախալի է, որ այս կարևոր միջոցառման անցկացումն Արցախում արդեն իսկ դարձել է բարի ավանդույթ, ինչի համար երախտագիտություն եմ հայտնում նրա կազմակերպիչներին ու նախաձեռնողներին: Դա լավ առիթ է մեր հանրապետության տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին տեղում ծանոթանալու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրները ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկելու, Արցախը արտաքին աշխարհին ներկայացնելու համար», - ասել է ԼՂՀ նախագահը:

Նա ավելացրել է, որ Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում Հայաստանի և օտարերկրյա գործընկերների հետ երկկողմ կապերի ու շփումների զարգացման, փոխշահավետ համագործակցության հաստատման յուրաքանչյուր փորձ: «Մենք բաց ենք նման համագործակցության համար և պատրաստ ենք քննարկել ցանկացած կառուցողական առաջարկ: Մեզ մոտ ստեղծված են բարենպաստ պայմաններ ներդրումային ծրագրերի հաջող իրականացման և գործարարության հետագա զարգացման ուղղությամբ: Դրանում համոզվելու հնարավորություն են ընձեռում նաեւ նման նախաձեռնությունները: Հուսով եմ, որ համաժողովի շրջանակներում կլինեն գործնական քննարկումներ, կծավալվի արդյունավետ երկխոսություն, ինչը օգտակար կլինի ինչպես Արցախի, այնպես էլ տարբեր երկրների գործարարների համար», - ասել է Բակո Սահակյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---