27 հունիսի 2010 - 16:16 AMT
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հոգեհանգստյան արարողություն կատարվեց հունիսի 19-ի միջադեպի արդյունքում զոհված 4 հայ զինվորների հոգիների հանգստության համար

Հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` հունիսի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գոտում տեղի ունեցած դիվերսիոն հարձակման արդյունքում զոհված 4 հայ զինծառայողների հոգիների հանգստության համար:

«Վշտացյալ և տրտմյալ հոգիներով այս պահին հոգեհանգիստը կատարեցինք մեր այն չորս զավակաց հոգիների հանգստության համար, ովքեր հայրենի սահմանների պաշտպանության նվիրական գործում ծառայողական իրենց պարտքը կատարելիս զոհվեցին ադրբեջանական կողմի տմարդի և նենգ հարձակման ժամանակ:Աղոթք բարձրացրեցինք` հայցելով Երկնավոր Տիրոջը, որ իր լուսեղեն օթևաններում ընդունի հոգիները մեր անմեղ չորս զավակների և Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի նրանց վշտակիր հարազատներին: Քաջալերվելով ու գոտեպնդվելով ամոքեցեք ձեր վիշտն ու ցավը կորստի, որ միայն ձերը չէ, այլ ողջ ժողովրդինը, որովհետև զոհվածը միայն անհատ ծնողի զավակը չէ, այլ նաև ազգի, հայրենիքի զավակն է, որ իր կյանքը պսակեց նահատակության պսակով հայրենիքի սիրույն համար»,- Հոգեհանգստյան արարողությանը ներկա զոհվածների հարազատներին դիմելով հորդորեց Վեհափառ Հայրապետը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը: