27 հունիսի 2010 - 17:16 AMT
Անհրաժեշտ է շտկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման` ԵԱՀԿ ՄԽ հայտարարած սկզբունքները

ԱՄՆ, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահները ևս մեկ անգամ հաստատեցին իրենց հավատարմությունն այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքներին»: Սակայն միայն բարեմաղթանքները բավական չեն, ինչպես և բավական չէ սկսած 2007 թվականից բոլորին հայտնի և զգալի համալրման կարիք ունեցող դիրքորոշումների թվարկումը: Այդ մասին հայտնել է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը:

Նրա խոսքով, ընդունված հայտարարության մեջ ոչ մի կերպ չեն հիշատակվում վերջին մի քանի տարվա ընթացքում տեղ գտած միջազգային-իրավական նախադեպերը (Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսեթիա): Ափսոսանք է առաջ բերում այն, որ համատեղ հայտարարության մեջ, որքանով հնարավոր է դատել, Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպին ոչ մի գնահատական չի տրվում, չի խոսվում վիճելի հարցերը բացառապես քաղաքական ճանապարհով, առանց ուժի կիրառման լուծելու անհրաժեշտության մասին: Հաջորդ քայլը պետք է դառնա հակամարտության գոտու գոնե մասնակի ապառազմականացումը: Առանց կողմերի միջև վստահության հաստատմանն ուղղված նախնական քայլերի դժվար թե հնարավոր է խոսել հաշտության պայմանագրի նախագծի մշակման, ինչպես և բոլոր այն «սկզբունքների» իրագործման մասին, որոնք թվարկվում են համատեղ հայտարարության մեջ»,- նշել է ռուս փորձագետը:

Նա ավելացրել է, որ հռչակվող ակտիվ աջակցությունը կողմերին` նրանց կողմից այսպես կոչված «կարգավորման հիմնարար սկզբունքների» համաձայնեցումն ավարտին հասցնելու հարցում չպետք է միակողմանի ճնշման վերածվի, որն ընդունակ է միայն խորացնել փոխըմբռնման բացակայությունը:

Բացի դրանից, ինչպես ընդգծել է Արեշևը, հայտարարության հեղինակները հիշատակում են «անվտանգության միջազգային երաշխիքներ` ներառյալ խաղաղապահական օպերացիա», սակայն այդ հարցի դիտարկման դեպքում անհրաժեշտ է լիարժեք կերպով հաշվի առնել բացասական պատմական փորձը, որը վկայում է այն մասին, որ դեպքերի բացարձակ մեծամասնությունը ցույց է տալիս` խաղաղապահներն անընդունակ են եղել կանխել արյունալից պատերազմները կամ դադարեցնել էթնիկական զտումները:

«Այդ կապակցությամբ կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ զանգվածային որոշ լրատվամիջոցներում լուրեր են պտտվում ղարաբաղյան հակամարտության գոտի ռուս խաղաղապահների հնարավոր մուտքի մասին: Սակայն, եթե անգամ տեսականորեն պատկերացնենք նման իրադրություն, ապա միանգամայն կարելի է այնպիսի իրավիճակ թույլ տալ, որի դեպքում իրադարձությունների շղթայում Լեռնային Ղարաբաղին հարակից պետությունները (օրինակ` Իրանը) կարող են արդեն կարճ ժամանակ անց Արաքս գետից դեպի հյուսիս նկատել «խաղաղապահների», որոնք ներկայացնում են ոչ թե Ռուսաստանը, այլ բոլորովին այլ պետություններ` դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասել է փորձագետը:

Նրա կարծիքով, միջնորդների հայտարարած հակամարտության կարգավորման սկզբունքները հարկավոր է զգալի կերպով շտկել և լրացնել, եթե իսկապես ցանկություն կա հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնել ոչ միայն խոսքով, այլև գործով: