29 հունիսի 2010 - 11:10 AMT
Լեռնային Ղարաբաղի մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը 20 տարով ուշացել է

Լեռնային Ղարաբաղի մասին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը 20 տարով ուշացել է և չի համապատասխանում այսօրվա իրողություններին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Analitika.at.ua. ինտերնետ-հրատարակչության ղեկավար Մարատ Հակոբյանը:

«20 տարի առաջ Ղարաբաղն անկլավ էր և Հայաստանի հետ ցամաքային կապի համար միջանցք էր պետք: Հենց 20 տարի առաջ էր պետք հանրաքվե անցկացնել Արցախի կարգավիճակի համար: Իսկ հիմա Ղարաբաղը կայացած պետություն է, որը ցամաքային սահման ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի հետ: Հիմա Ղարաբաղը խաղաղապահների կարիք չունի, նրանք պետք էին 20 տարի առաջ, երբ Ադրբեջանն էթնիկական զտումներ և ցեղասպանություն էր իրականացնում հայերի նկատմամբ: Իսկ այսօր խաղաղապահները խաղաղության փոխարեն կարող են խռովություն առաջացնել հարևան Իրանի հետ: Այսօրվա Ղարաբաղը երկիր է, որն ինքն է հանրաքվե անցկացրել, ինքն է ապահովել ցամաքային կապ Հայաստանի հետ և հուսալի պաշտպանում է իր սահմանը: ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին անհրաժեշտ է առաջարկել Արցախի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության տարբերակներ, այլ ոչ թե փորձել կարգավորման հնացած մոդելը, ինչը կարող է տարածաշրջանում նոր ցնցումների կատալիզատոր դառնալ»,- ասել է փորձագետը: