29 հունիսի 2010 - 13:32 AMT
Երվանդ Բոզոյան. ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը սպառնալիք չի պարունակում

G8 գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների հայտարարությունն ակնկալելի էր և այն կրկնում է 2009 թվականի հայտարարությունն Ակվիլայում: Այդ մասին Երևանում կայացած մամկլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա, կան թարգմանության հետ կապված որոշ նրբություններ, ինչը մտահոգություն է առաջացնում: «Սակայն այդ նրբությունները առանձնահատուկ սպառնալիքներ չեն պարունակում, դա կապված է Թուրքիայի գործոնի հետ, որը փորձում է ճնշում գործադրել ԵԱՀԿ ՄԽ-ի վրա: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ժամանակ, ԱՄՆ-ն փորձում էր մեկուսացնել Ադրբեջանին, սակայն այժմ, երբ գործընթացը փաստորեն չարդարացրեց իրեն, Ամերիկան փորձում է փոխհատուցել իր վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ և բարելավել հարաբերությունները Բաքվի հետ»,-ասել է Բոզոյանը:

Նա նաև նշեց, որ այդ նրբությունները ցույց են տալիս, որ Հայաստանը դեռեևս բավական անելիք ունի դիվանագիտական ճակատում: «Կարելի է ասել, որ Հայաստանը սկսում է զիջել դիվանագիտական դաշտում: Մենք չպետք է միանգամից մեկնաբանեինք նախագահների հայտարարությունը, այ պետք է սպասեինք հակառակ կողմի արձագանքին: Իսկ Թուրքիան իր ակտիվ դերակատարությամբ փորձում է խախտել հավասարակշռությունն Ադրբեջանի օգտին և որոշ չափով դա նրան հաջողվեց»,-ասել է փորձագետը:

Ըստ նրա, նախագահների հայտարարությունը սպառնալիք չի պարունակում: «Ոչ ոք չի կարող ստիպել տարածաշրջանի երկրներին կատարել այս կամ այն առաջարկը, չկա միջազգային հանրության միասնական ուժ: Հակառակը, հայտարարության մեջ դրական պահ կա` ուժի չկիրառման մասին կետը, ինչը «սառը ցնցուղ» էր տարածաշրջանի երկրների համար: Միջազգային հանրությունը հերթական անգամ ցույց տվեց, որ չի ողջունում հակամարտությունների ուժային լուծումը և որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նման հայտարարություններն արդեն ավանդույթ են դարձել և այն դեռ կշարունակվի»,-ասել է Բոզոյանը: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ կարգավորման առաջարկված փաթեթը, որ ներառոմ է կարգավիճակի հարցը, անիրատեսական է, կան տարրեր, որոնք անհամատեղելի են և դաշտ չկա փոխզիջման համար:

«Հունիսի 18-ի միջադեպից հետո հայ հանրությունը մեղարդեց համանախագահներին Ադրբեջանի հանդեպ ավելորդ մեղմության համար: Սակայն, դա այդպես չէ, համանախագահները ուղղակի չեն ցանկանում սրել իրավիճակը և փորձում են հավասարակշիռ քաղաքականություն վարել»,-ասել է Երվանդ Բոզոյանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն են ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ G8 գագանթաժողովում, որն անցնում է Կանադայում:

Հայտարարության մեջ ասվում է. «Մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներս, հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հիմնարար սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնագիր մշակելու հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ կայուն կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան ակտի դրությների վրա և 2009 թ. հուլիսին Ակվիլայում արված հայտարարության վրա, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը անվտանգության և ինքնավարության երաշխիքով, միջանցքի առկայությունը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավաբանական կարգավիճակը կսահմանվի ավելի ուշ` ժողովրդի կամքի արտահայտման միջոցով»:

Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն, ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: