29 հունիսի 2010 - 14:18 AMT
ԼՂՀ ՊԲ-ն ի զորու է ազատագրել իր տարածքները և հասնել միչև Կուր գետ

Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության մասին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա կարծիքով, G8 գագաթնաժողովում արված հայտարարությունում կան դրական տարրեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, ինչը նշանակում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Այնտեղ կետեր կան Հայաստանի հետ պարտադիր ցամաքային հաղորդակցության և Ղարաբաղի բնակչության միջազգային երաշխիքների մասին: Բայց ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ ղարաբաղյան կարգավորումը վերջին փուլում է: Այն ուղղակի նոր փուլ է անցել: Վերջին փուլը կլինի այն ժամաանկ, երբ ԼՂՀ կդառնա բանակցային գործընթացի լիիրավ մասնակիցը»,- ասել է Շարմազանովը:

Նա նաև նշել է, որ հայտարարությունը հարցեր է առաջացնում կարգավորման քայլերի հերթականության մասին: «Մեր կարծիքով, սկզբից պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հետո` մնացածը: Հայաստանը ոչինչ չի բռնազավթել, Ադրբեջանն է գրավել Լեռնային Ղարաբաղի տարածքները` Շահումյանի շրջանը, Գետաշենը և Մարտունաշենը: Սկզբից պետք է վերադարձնել մեր հողերը, որոշել կարգավիճակը, և հետո միայն խոսել զիջումների մասին»,- ասել է ՀՀԿ քարտուղարը:

Ինչ վերաբերվում է հունիսի 18-ին Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպին, Շարմազանովը հայտարարել է, որ եթե միջազգային կառույցները համապատասխան գնահատական չտան Ադրբեջանի գործողություններին և Բաքվին պատասխանատվության չենթարկեն, ապա ԼՂՀ ՊԲ-ն ի զորու կլինի ոչ միայն կասեցնել դիվերսիաները, այլ նաև ազատագրել իր տարածքներն ընդհուպ մինչև Կուր գետ: