29 հունիսի 2010 - 14:37 AMT
Մադրիդյան սկզբունքներնը ստորացուցիչ են հայկական կողմի համար

Մենք պատերազմ չենք ուզում, բայց պետք է պատրաստ լինենք պատերազմի ամեն վայրկյան: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` մեկնաբանելով պատերազմի հնարավորությունը: Ըստ նրա, ելնելով այսօրվա իրավիճակից և ճնշումներից, կողմերից մեկի նյարդերը կարող են չդիմանալ և պատերազմը կարող է վերսկսվել: Մանվելյանն ասել է, որ այսօրվա վիճակը շատ սրված է և պատերազմը կարող է ամեն վայրկյան վերսկսվել: Ըստ նրա, իշխանություններն այս պարագայում պետք է մեկ բրիգադ վարձկաններ հավաքեն, դա ոգի կտա զինվորներին և ծանր իրավիճակներում նրանք կգործեն: «Պետք է ամրացնել դիրքերը, որպեսզի զինվորներն առավել ապահով լինեն: Պետք է վարել պատերազմական քաղաքականություն`նույն վերաբերմունքը ցույց տալով թշնամուն»,-ասել է ազատամարտիկը:

Ջոկատի անդամ Ռուբեն Հովհաննիսյանն իր հերթին հավելեց, որ այսօրվա քարոզչությունը շատ վատ վիճակում է: Ըստ նրա, չկա մեկ հաղորդում, որը հայրենասիրություն քարոզի:

Իր հերթին, պահեստի սպա Հակոբ Հակոբյանը քննադատեց ԱԺ գործունեությունը, ասելով, որ 20 տարի է խորհրդարանը չի մշակել մեկ օրենք, որն ի նպաստ լիներ ազատամարտիկներին: «Ես ունեմ ազատամարտիկի վկայական, այնտեղ գրված է, որ կարող եմ օգտվել բոլոր արտոնություններինց, բայց ոչ ոք չի կարող ասել, թե որոնք են այդ արտոնությունները»,-ասել է նա:

Մանվել Եղիազարյանն, անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, ասաց, որ այդ փաստաթուղը ստորացուցիչ է և ոչ շահավետ հայկական կողմի համար: «Մենք բացարձակ դեմ ենք, որ այդ փաստաթուղթը ստորագրվի, ես հայրենասեր մարդ եմ, ես չեմ սպառնում, բայց եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ազատամարտիկներից կարելի է ամեն ինչ սպասել»: