30 հունիսի 2010 - 13:44 AMT
Դրոր Կաշտան. Մենք ծանոթ չենք «Ուլիսի» խաղին, սակայն կփորձենք արժանի խաղ ցույց տալ

Հուլիսի 1-ին «Ուլիս» ֆուտբոլային ակումբը 2010-2011թթ. խաղաշրջանի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում կխաղա «Բնեյ Եհուդայի» հետ (Իսրայել):

Հունիսի 30-ին իսրայելական ակումբի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը և թիմի ավագ Ասի Բալդուտը հանդիպել են լրագրողների հետ:

«Բնեյ Եհուդան» նվաճել է Եվրոպայի լիգայի ուղեգիր` անցնելով երկրի գավաթի եզրափակիչ: Անցյալ մրցաշրջանում թիմը Իսրայելի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Մարզչի խոսքերով, թիմը հաղթահարել է Եվրոպայի լիգայի 3 փուլերը, բայց այս տարի կփորձի հասնել ավելի մեծ հաջողությունների: «Իհարկե, մենք պետք է ավելի շատ աշխատենք: Մենք շատ երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք և կփորձենք գերազանցել անցյալ տարվա ձեռքբերումները»,- ասել է Կաշտանը:

Մարզիչը նշել է, որ իր թիմը ծանոթ չէ «Ուլիսի» խաղին, սակայն կփորձի արժանի խաղ ցույց տալ: