30 հունիսի 2010 - 15:20 AMT
Օլեգ Եսայան. Պատերազմը միայն կբարդացնի ղարաբաղյան հակամարտության լուծումը

« Մի բանում ես վստահ եմ` ղարաբաղյան հակամարտության նման խնդիրները ռազմական լուծում չունեն»,-հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը` մեկնաբանելով ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծումը ռազմական ճանապարհով: Ըստ նրա, փաստարկներն ամենապարզն են: «Առաջինը, Ղարաբաղին պարտադրված մեկ պատերազմ արդեն իսկ ավարտվեց կոնկրետ արդյունքներով: Խնդիրը շարունակում է առկա մնալ միջազգային իրավական կարգավորման տեսակետից: Ի՞նչ կտա երկրորդ պատերազմը»,-ասել է Եսայանը` հավելելով, որ պատերազմը միայն կբարդացնի ղարաբաղյան հակամարտության լուծումը: Ընդ որում, նա նշել է, որ նրանք, ով խոսում է պատերազմի և հարցերը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, ոչ մի առնչություն չեն ունեցել «առաջին պատերազմին»: Ընդ որում նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացին:

Մեկնաբանելով այն լուրերը, թե եղել է արդյոք առաջխաղացում Սարգսյան-Մեդվեդև-Ալիև եռակողմ հանդիպումից հետո`Եսայանն ասել է. «Ես չեմ կարծում, որ ամեն հանդիպումից հետո կարելի է և հարկավոր է ինչ-որ արդյունքների մասին հայտարարել, քանի որ դա միասնական գործընթաց է և ենթադրում է ոչ թե մեկ, այլ բազում հանդիպումներ, բազում քննարկումներ և ենթահարցեր»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու Հայաստանը չճանաչեց Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը, ՌԴ-ում Հայաստանի դեսպանը նշել է. »Իսկ կարո՞ղ էր Հայաստանը ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը` չճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը»: Ըստ նրա, եթե, ելնելով ինչ-ինչ նկատառումներից և բանակցային գործընթացի շահերից, Հայաստանը դեռևս դե-յուրե չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա նա նաև չէր կարող իրեն թույլ տալ ճանաչել Աբխազիան ու Օսեթիան, դա չէր ընկալվի: «Ես կարծում եմ, եթե ոչ բոլորը, ապա շատ շատերը համաձայն են իմ կամ Հայաստանի դիրքորոշման հետ»,-ասել է Եսայանը, հաղորդում է «Էխո Մոսկվին»: