30 հունիսի 2010 - 15:22 AMT
ՀՀ ԿԲ. Ֆիզիկական ավանդների երաշխավորման չափսերի բարձրացումը պետք է համահունչ լինի տնտեսական զարգացմանը

Հայաստանի Կենտրոնական բանկը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը դրական է գնահատում, Երևանում ասել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին: «Դա շոշափելի փոփոխությունների չի հանգեցնի, միայն կբարձրանա Հայաստանի բնակչության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ, որն առանց դրա էլ բարձր մակարդակում է: Մենք ապացուցել ենք, որ այն ժամանակ, երբ ողջ աշխարհում ճգնաժամի հետևանքով խնդիրներ էին առաջացել բանկային համակարգում, իսկ մեզ մոտ 2009-ի տվյալներով 14 տոկոս տնտեսական անկում էր, մեր բանկային համակարգում խնդիրներ չեն առաջացել»,- ասել է նա:

Փոփոխություններով նախատեսվում է մեծացնել քաղաքացիների ավանդների երաշխավորման չափսերը: Եթե առաջ արժույթային ավանդների դեպքում խոսքը գնում էր 1 մլն դրամ արժողությամբ ավանդների երաշխավորման մասին, իսկ դրամով ավանդների համար` 2 մլն դրամ, ապա հիմա առաջարկվում է այդ չափսը մեծացնել և հասցնել համապատասխանաբար 2 մլն դրամի և 4 մլն դրամի: Բացի դրանից, Ավանդների երաշխավորման հոգաբարձուների հիմնադրամի խորհուրդը, որի մեջ մտնում են կառավարության, խորհրդարանի, գերմանական KfW բանկի, Հայաստանի առևտրային բանկերի ներկայացուցիչները, 5 տարին մեկ անգամ վերանայելու է ավանդների երաշխավորման չափսերը:

Դրա հետ կապված` Վաչե Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության էությունը ոլորտի կարգավորման մեջ է, մասնավորապես, եթե դիտարկվում է ծածկույթ, ապա այն պետք է դիտարկվի ժամանակային առումով, ինչպես նաև պետք է համահունչ լինի խնայողությունների և բնակչության եկամուտների և տնտեսական զարգացման հետ: «Ավանդների երաշխավորման հոգաբարձուների խորհուրդը հինգ տարին մեկ անգամ պետք է վերահաշվարկ կատարի և, ելնելով դրանից, իր առաջարկներն անի»,- ասել է Գաբրիելյանը: Նա նաև ասել է, որֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման չափսը կմեծանա երկու անգամ, ինչը հիմնված է որոշակի հաշվարկների վրա և համահունչ է բնակչության խնայողությունների հետ: