1 հուլիսի 2010 - 12:39 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեն որոշել է Հայաստանին հատկացնել 44 մլն դոլար, ԼՂՀ-ին` 10 մլն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթակոմիտեն, քննարկելով արտաքին օգնության մասին օրինագիծը, հաստատել է Հայաստանին 44 միլիոն դոլարի չափով տնտեսական օգնությունը: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ին Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, այդ գումարը 4 մլն-ով պակաս է անցյալ տարի նույն ենթահանձաժողովի կողմից տրամադրած գումարից, բայց միաժամանակ, 4 մլն-ով ավելի է, քան առաջարկվել էր Հայաստանին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բյուջեով:

Ենթակոմիտեի նախագահ Նիտա Լոին, որը երկար ժամանակ հանդես է գալիս Կոնգրեսում հայկական շահերը պաշտպանելու օգտին, կրկին ելույթ է ունեցել ԼՂՀ-ին տրամադրվող օգնության չափը մեծացնելու առաջարկով: Ենթակոմիտեի որոշումը չի ենթադրում Լեռնային Ղարաբաղի վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց, ինչպես նաև կոչ չի անում չեզոքացնել ԱՄՆ և Արցախի Հանրապետության միջև կապերի հաստատման արգելքները:

Բացի դրանից, ենթահանձնաժողովը չի ընդունել Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոունի և Մարկ Քիրքի ու ANCA-ի պահանջներն Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը կասեցնելու վերաբերյալ`ի պատասխան վերջինիս ռազմական կեցվածքի ուժեղացմանը, մասնավորապես, վերջերս տեղի ունեցած դիվերսիոն խմբի հարձակմանը ԼՂ վրա: Ենթակոմիտեն որոշել է նաև պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարությունը` երկու երկրներին առաջարկելով 3.5 մլն դոլար Արտաքին ռազմական ֆինանսավորման և 450 հազար դոլար Միջազգային ռազմական վարժանքներ անցկացնելու համար:

«Մենք շնորհակալ ենք ենթակոմիտեի նախագահ Նիտե Լոին, բոլոր կոնգրեսականներին, ինչպես նաև Հայաստանի աջակցության համանախագահներին մեր համայնքի համար կարևորություն ունեցող հարցերի նկատմամբ կառուցողական մոտեցման համար: Թեև մենք նախկինի նման մտահոգված ենք օգնության ընդհանուր ծավալի կրճատման միտումներով, այնուամենայնիվ, մենք գոհունակությամբ նշում ենք, որ ենթահանձնաժողովը ռազմական հավասարություն է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև և հաստատել է Լեռնային Ղարաբաղին 10 մլն դոլար օգնությունը»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա հայտարարել է, որ ANCA-ն շարունակում է աշխատանքը ԼՂՀ-ին բանակցային գործընթաց ներգրավելու և ԱՄՆ և ԼՂՀ միջև կապերի արգելքները հաղթահարելու ուղղությամբ:

Իր հերթին, կոնգրեսական Ադամ Շիֆը գոհունակություն է հայտնել ենթակոմիտեի որոշման վերաբերյալ: «Որոշումը հերթական անգամ կոչ է անում Պետդեպարտամենտին խորհրդակցել Ֆինանսավորման հանձնաժողովի հետ «Ազատության պաշտպանության ակտում» 907 շտկումից հրաժարվելուց առաջ: Ես բավարարված եմ, որ որոշումը կոչ է անում միջոցներ ձեռնարկել սպառնալիքները և սադրանքները նվազեցնելու համար: Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը և նրա գործողությունները տարածաշրջանի անկայունության միակ պատճառն են»,- ասել է կոնգրեսականը:

Արտաքին օգնության մասին օրինագիծը քննարկվելու է նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսավորման հանձնաժողովում Ներկայացուցիչների պալատում վերջնական քննարկումից առաջ: Սենատի վարկածն այս օրինագծի վերաբերյալ մինչև հիմա քննարկման չի դրվել: