Վաչե Գաբրիելյան. Հայաստանում ազգային դրամի ամրապնդման միտումներ են նկատվում

Վաչե Գաբրիելյան. Հայաստանում ազգային դրամի ամրապնդման միտումներ են նկատվում

PanARMENIAN.Net - 2009 թվականը Հայաստանում սպասումների տարի էր, երբ շատերը սպասում էին անշարժ գույքի գների զգալի նվազմանը, հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը` հուլիսի 1-ին ելույթ ունենալով «ԱՊՀ և Բալթյան երկրների VII Պարտատոմսային կոնգրեսում»: Նրա խոսքով, 2009 թվականին հիմնականում շինարարության ոլորտում անկմամբ պայմանավորված 14%-անոց տնտեսական անկման պայմաններում շատ ներդրողներ չտիրապետեցին իրադրությանը, չկողմնորոշվեցին և հետաձգեցին իրենց արտահոսումները: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված բացասական սպասումների պայմաններում երկարաժամկետ օգտագործման ապրանքների սպառումը կտրուկ ընկավ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում: Եթե 2008 թվականին սպառողական վարկերի վարկավորումն աճել էր, ապա 2009 թվականի առաջին կիսամյակում այստեղ անկում նկատվեց: Սակայն սկսած 2009 թվականի սեպտեմբեր-օգոստոս ամիսներից իրավիճակը փոխվեց և վարկավորման ծավալները սկսեցին աստիճանաբար վերականգնվել: «Մենք կարողացանք վերականգնել բանկային վարկավորման ծավալները, և 2009 թվականի վերջին այդ ծավալները հավասարվեցին 2008 թվականի ցուցանիշին»,- ասել է նա:

Ինչպես նշել է Վաչե Գաբրիելյանը, կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացման տեսակետից 2009 թվականի խոշոր իրադարձությունը ազգային դրամի լողացող փոխարժեքին վերադառնալու մասին Հայաստանի Կենտրոնական բանկի որոշումն էր, և այդ անցումը, ի տարբերություն Ռուսաստանի, կատարվեց ոչ թե աստիճանաբար, այլ միանգամից: «Ընդ որում, ազգային դրամն արժեզրկվեց 25%-ով, ինչը փոքր-ինչ արգելակեց տվյալ շուկայի զարգացումը»,- ասել է նա: Եթե 2008 թվականին շուկան բարձրության վրա էր, և շատ ընկերություններ պատրաստ էին արտահոսումներ կատարել, բայց այդ միտումը դադարեց 2009 թվականին:

Այսօր Հայաստանի տնտեսությունն աճում է, և հինգ ամսվա արդյունքներով արդեն 8,8% աճ է գրանցվել, բացի այդ ՀՀ կառավարությանը հաջողվում է կարգավորել գնաճը, որպեսզի դրա տարեկան ցուցանիշը հասցնի 5,5%-ի: Այդ համատեքստում Վաչե Գաբրիելյանն ընդգծել է, որ տնտեսական աճի ընդհանուր պայմաններում ազգային դրամն ամրապնդվում է: «Եթե առաջին եռամսյակում որոշակի սպասումներ կային, ապա այժմ ազգային դրամն ամրապնդվում է: Վերջին երկու ամսվա ընթացքում Կենտրոնական բանկը հանդես է գալիս գնորդի դերում: Բարձրանում է հետաքրքրությունն արժեթղթերի հանդեպ, շուկայում արդեն կոնկրետ քայլեր կան, քանի որ ընկերությունները վերանայում են իրենց նախկին դիրքորոշումները»,- ասել է նախագահի տեղակալը:

«ԱՊՀ և Բալթյան երկրների VII Պարտատոմսային կոնգրեսի» կազմակերպիչներն են Cbonds լրատվական գործակալությունը, որը մասնագիտանում է ԱՊՀ կորպորատիվ պարտքի շուկաներում: Կոնգրեսն ընթանում է NASDAQ OMX Արմենիայի ֆոնդային բորսայի աջակցությամբ: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են մոտ 200 հոգի` Ռուսաստանի, Հայաստանի, ԱՊՀ այլ երկրների, Բալթիկայի, Մեծ Բրիտանիայի և կոնտինենտալ Եվրոպայի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---