1 հուլիսի 2010 - 16:34 AMT
Լեռնային Ղարաբաղի հարցում մոտ ապագայում առաջընթացի հնարավորություն չկա

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Հայաստան կատարելիք այցի շրջանակներում, անշուշտ, կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված խնդիրներ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Չնայած Քլինթոնի այցելությանը, ես չեմ կարծում, որ կարող է տեղի ունենալ առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ Թուրքիան արդեն ստացել է այն, ինչ ուզում էր այդ գործընթացից»,-ասել է ՀԱԿ ներկայացուցիչը: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղի հարցում մոտ ապագայում ևս առաջընթացի հնարավորություն չկա, բայց ապագայի զարգացումներն հայկական կողմի համար գնալու են «վատից դեպի ավելի վատ» սցենարով: Դավիթ Շահնազարյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հարցում տեղաշարժ կարող է լինել միայն այն դեպքում, եթե հակամարտող կողմերը համաձայնության գան, ինչը հիմա անհնար է, կամ, եթե գերտերությունները համաձայնության գան, ինչը ևս հնարավոր չէ:

«Չափազանց կարևոր է, թե Հայաստան այցելության ընթացքում ինչ հայտարարություն կանի Հիլարի Քլինթոնը երկրում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված խնդիրների վերաբերյալ և դա ինչպես կազդի քաղբանտարկյալների կարգավիճակի վրա»,-ասել է Դ.Շահնազարյանը: