1 հուլիսի 2010 - 19:23 AMT
Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 1-ին ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը։

Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը` վարչապետն ընդգծել է, որ պատվիրակության այցի շրջանակներում հնարավորություն կընձեռվի քննարկել համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և հստակեցնել հետագա անելիքները։

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է այսօր Երևանի երկաթգծի կայարան կատարած այցի մանրամասներին։ Նա տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների արդյունքում երկաթգծի կայարանը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Ընդգծվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կարևորում է ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերին։ Մասնավորապես, կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարությանը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից տեխնիկական օժանդակության տրամադրման հարցը, ինչպես նաև ՀՀ կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ միջև ստորագրված Կոնցեսիոն պայմանագրի առանձին դրույթների կատարման ընթացքը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։