1 հուլիսի 2010 - 19:38 AMT
Չինաստանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն հանդես բերել ղարաբաղյան հակամարտության գոտում

Չինաստանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն հանդես բերել ղարաբաղյան հակամարտության գոտում: «Չինաստանը հստակ դիրքորոշում է գրավում այս հակամարտության հարցում: Մենք կարծում ենք, որ նման խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»,- հուլիսի 1-ին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Կին Գանգը: Նրա խոսքերով, Պեկինը հուսով է, որ բավարար քաղաքական կամքի շնորհիվ կողմերը կլուծեն խնդիրները բացառապես խաղաղ ճանապարհով բանակցությունների և երկխոսության միջոցով, հաղորդում է Xinhua –ն:

Հունիսի 18-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված դիվերսիոն խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատված:

ԼՂՀ ՊԲ զինծառայողների զգոնության շնորհիվ թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է: Թողնելով մեկ դիակ և զինամթերք` թշնամին հետ է քաշվել: Մարտի արդյունքում հայկական կողմը տվել է չորս զոհ, չորս վիրավոր: