1 հուլիսի 2010 - 20:12 AMT
ՀՀ նախագահը և ՌԵՈւ ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարենրը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայկական երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին:

Քննարկվել են հայկական երկաթուղու ներկա վիճակին, զարգացման հեռանկարներին, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր և տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք ծրագրեր:

Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» երկաթուղու կառուցման ծրագրին, որը տնտեսական, քաղաքական և ռազմավարական առումով կարևոր նշանակություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի մյուս երկրների համար` իրար կապելով Սև ծովի և Պարսից ծոցի նավահանգիստները:

Հանրապետության ղեկավարը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահը քննարկել են նաև Հայաստանի Հանարպետության կառավարության և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Վլադիմիր Յակունինը վստահեցրել է, որ ներդրումային պարտավորություններն այս տարվա համար ամբողջությամբ կկատարվեն, և «Ռուսական երկաթուղիներ»-ը կշարունակի հայկական երկաթուղու արդիականացման ու տեխնիկական վերազինման ուղղությամբ ծրագրած աշխատանքը:

Հանրապետության նախագահը, հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդման ու զարգացման տեսանկյունից ևս կարևոր է համարել Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնող ռուսական այնպիսի խոշոր ընկերությունների գործունեությունը, ինչպիսին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն է, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: