2 հուլիսի 2010 - 16:05 AMT
Թիան Չանչուն. Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումների իրականացման հեռանկարով

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Ինչպես հաղորդում է ՏԿ հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպման ընթացքում փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բազմակողմ հարաբերությունների խորացմանը: Կողմերն ընդգծեցին, որ վերջին շրջանում երկու երկրների փոխհարաբերություններն ակտիվորեն զարգանում են, և երկուստեք մեծ նշանակություն է տրվում երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը:

Անդրադարձ եղավ երկու երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների հաստատման հնարավորություններին: Դեսպան Թիան Չանչունը նշեց, որ ՉԺՀ կառավարությունը կարևորում է Հայաստանի տարբեր մարզերի հետ համագործակցությունը և մասնավորապես անդրադարձավ Չինաստանի Շանսի նահանգի և ՀՀ Լոռու մարզի միջև գործակցության հեռանկարներին: Նշվեց, որ աշխատանքներ են տարվում նաև Երևանի և Պեկինի միջև ավելի սերտ կապերի հաստատման ուղղությամբ:

Արմեն Գևորգյանը նկատեց, որ Լոռի-Շանսի համագործակցության կայացումը կարող է դրական ազդակ լինել նաև մյուս ռեգիոնների միջև արդյունավետ և փոխշահավետ կապերի հաստատման համար: Լոռու արդյունաբերական արտադրանքը կարող է հետաքրքիր լինել չինական շուկայի համար, իսկ գյուղատնտեսական ոլորտում գործակցության առումով փոխվարչապետը հեռնակարային համարեց Արարատի և Արամավիրի մարզերը:

Քննարկեցին նաև հայ-չինական միջկառավարական համագործակցության հանձնաժողովի` այս աշնանը կայանալիք նիստի և գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Նշվեց, որ հանձնաժողովն այն կառույցն է, որ կարող է ճիշտ հունով ուղղորդել առևտրատնտեսական հարաբերությունները: Փոխվարչապետն առաջարկեց նիստի շրջանակում գործնական քննարկման առարկա դարձնել նաև ռեգիոնների մեջև համագործակցության հնարավորությունները:

Դեսպանը տեղեկացրեց նաև, որ չինական կողմը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու հեռանկարով: Նա կարևորեց նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը` տեղեկացնելով, որ Չինաստանի հարավային ավիաընկերությունը հետաքրքրված է նման գաղափարով և առաջարկեց նաև նույն հարցը քննարկել Հայաստանի ազգային ավիափոխադրողի հետ: Արմեն Գևորգյանը նախաձեռնությունները ողջունելի համարեց` առաջարկելով դրանք մանրամասն քննարկել: