3 հուլիսի 2010 - 14:51 AMT
ՀՀԿ. Բանակցություններում Հայաստանի համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է

Բանակցություններում Հայաստանի համար առաջնայինը Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: «Հայաստանն վճռական է տրամադրված այն առումով, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Մյուս բոլոր հարցերն ածանցյալ են: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` ՀՀ ԱԺ պատգամավորը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի, ապա հենց վաղը պատերազմ կսկսեր: «Սակայն Ադրբեջանում հիանալի հասկանում են, որ պատերազմով հնարավոր չէ լուծել ղարաբաղյան խնդիրը»,-ասել է խմբակցության ղեկավարը` հավելելով, որ Հայաստանի ոչ մի իշխանություն միակողմանի զիջումների չի գնա Ղարաբաղի հարցում:

Մեկնաբանելով միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի վերջին դիվերսիային` Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման մեջ ներգրավված կազմակերպությունները պետք է խստորեն դատապարտեին Բաքվի այդ գործողությունները «Եթե համանախագահները խստորեն դատապարտեին Բաքվի նման պահվածքը, դա կարագացներ բանակցային գործընթացը»,-ասել է պատգամավորը: