3 հուլիսի 2010 - 15:50 AMT
Կիևում ընթանում է ԱՊՀ երկրների ինովացիաների միջազգային երիտասարդական համաժողովը

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են հուլիսի 3-7 Կիևում անցնող ԱՊՀ երկրների ինովացիաների միջազգային երիտասարդական համաժողովին: Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ» գործակալությունը, համաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Համաժողովն անցնում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Նախատեսվում է, որ ԱՊՀ երկրների երիտասարդները կմշակեն սոցիալապես օգտակար գործունեությանը սկաուտական կազմակերպությունների ցանցի միջոցով երիտասարդներին ներգրավելու ինովացիոն մեթոդներ: Հուլիսի 7-ին տեղի կունենա ամփոփիչ կլոր սեղան պետական կառույցների, հասարակական գործիչների և գիտական մտավորականության մասնակցությամբ: Կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: