3 հուլիսի 2010 - 16:26 AMT
Առանց Արցախի մասնակցության անհնար է համաձայնության գալ ղարաբաղյան կարգավորման հարցում

Հուլիսի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրեցին նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է և գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա բանակցությունների շարունակումը:

Օրակարգում էր նաեւ հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: