4 հուլիսի 2010 - 23:10 AMT
ԱՄՆ-ն հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը խաղաղություն, կայունություն և բարգավաճում կբերի տարածաշրջանին

ԱՄՆ-ն հավատում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանին կբերի խաղաղություն, կայունություն և բարգավաճում: Այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերն արդեն կծառայեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին Երևանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Ճիշտ է, Արձանագրությունները դեռ վավերացված չեն, սակայն, ինչպես հիշում եք, նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ բանակցային գործընթացն այն ժամանակ, երբ նա ընդառաջ գա, և մենք ողջունում ենք այդ հայտարարությունը: ԱՄՆ-ն համաձայն է այդ տեսակետի հետ, և մենք դրական ենք գնահատում Հայաստանի նախագահի հայտարարությունը»,- ասել է Քլինթոնը:

Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների բանակցությունների այն ժամանակ, երբ Անկարան պատրաստ կլինի դրան: