Հուլիսի 13-ին Երևանում կքննարկվեն հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերը

Հուլիսի 13-ին Երևանում կքննարկվեն հայ-լեհական տնտեսական համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերը կքննարկվեն հուլիսի 13-ին Երևանում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը: «Այդ նախաձեռնությունը պատկանում է լեհական կողմին, և մենք արդեն մեկ տարի առաջ որոշել էինք, որ եթե բացվի ուղիղ հաղորդակցություն Երևանի և Վարշավայի միջև, ապա նիստը տեղի կունենա Երևանում»,- նշել է նա:

Լեհաստանում նախագահական ընտրությունների նախօրեին` հուլիսի 3-ին, կայացել է Երևան-Վարշավա-Երևան ուղիղ չվերթի բացումը:

Ինչպես նշել է դեսպանը, այդ նիստում քննարկվելու է երկու փաթեթ. մեկը պատրաստել է լեհական կողմը, մյուսը` հայկական: «Դրանցում ներկայացված է համագործակցության ողջ սպեկտրը, այդ թվում և համատեղ ձեռնարկությունների ստեղծումը»,- ավելացրել է նա: Աշոտ Գալոյանի խոսքերով, երկկողմանի առևտրատնտեսական համագործակցության ներուժն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մետաղների և հանքաքարերի մշակումը, գյուղատնտեսությունը, քիմիական արդյունաբերությունը և թեթև արդյունաբերության ապրանքները: «Հայկական կողմի համար կարևոր նշանակություն ունեն կապիտալ ներդրումները, որոնք գալու են Լեհաստանից, այսինքն, այստեղ խոսքը գնում է ներդրումների խթանման մասին»,- նշել է նա:

Դեսպանը հաղորդել է, որ լեհական կողմից հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նախագահը Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ, ԵՄ պատասխանատու Մարցին Կորոլեցն է: «Հուսով ենք, որ բոլոր այդ տնտեսական ծրագրերը կիրագործվեն Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը Լեհաստանն է, ինչը կարող է նպաստել տնտեսության զարգացմանը»,- ասել է Գալոյանը:

Հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկվել է Հայաստանում ընթացիկ տարվա մարտի 12-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գլխավորած լեհական պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանի և Լեհաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2009-ին կրճատվել է 6.3 տոկոսով 2008-ի նույն ցուցանիշի հետ համեմատ և կազմել շուրջ 34.6 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---