Հայաստանի Աղվերան քաղաքում քննարկել են դեղերի արտադրության և իրացման խնդիրները

Հայաստանի Աղվերան քաղաքում քննարկել են դեղերի արտադրության և իրացման խնդիրները

PanARMENIAN.Net - Դեղագործության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ քննարկվեց ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» անդրանիկ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին դեղագործության և առողջապահության ոլորտների պետական ու մասնավոր հատվածների, դոնոր կազմակերպությունների և աջակցության ծրագրեր իրականացնող կազմակերպությունների յոթ տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Հուլիսի 3-4-ը, Աղվերանում անցկացված միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ։

Հանդիպմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Նրան ուղղված հարցադրումները և առաջարկները վերաբերում էին «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունմանը, դեղերի արտադրության և շրջանառության հետ կապված պատշաճ գործունեության ստանդարտների, ինչպես նաև դեղերի գնագոյացմանը, դեղագործական կադրերի պատրաստմանը, ոլորտում մտավոր սեփականության իրավունքի պահպանմանը, դեղերի ներմուծումից ավելացված արժեքի հարկ չգանձելուն, ինչպես նաև անօրինական շրջանառությանը, գյուղական շրջաններում դեղատնային կրպակների բացմանը, դեղատների աշխատանքի չափանիշների սահմանմանը։

Հ.Քուշկյանը կարևորեց դեղագործության ոլորտում «Պատշաճ արտադրական գործունեության» ստանդարտների ներդրման ժամկետների սահմանումն այնպես, որ բոլոր դեղ արտադրողներն ունենան դրանց ներդրմանը պատրաստ լինելու հնարավորություն։ Նա դեղագործներին առաջարկեց ներկայացնել համարձակ գործարար ծրագրեր, որպեսզի առողջապահության նախարարությունն ունենա դրանց պետական աջակցությունը կազմակերպելու հնարավորություն։ Նախարարը նաև հայտնեց ոլորտի զարգացմանն առնչվող հարցերի քննարկումները շարունակելու պատրաստակամություն։

«Առանց փողկապների» հանդիպման մասնակիցները դեղերի պետգնումների համակարգում ավտորիզացման դրույթի վերացման առաջարկ ուղղեցին պետգնումների ոլորտը կարգավոող մարմնի ներկայացուցիչներին։ Մաքսային մարմնի կառույցի ներկայացուցչին հղված հարցերն ու առաջարկները վերաբերում էին մաքսային պահեստներում դեղերի և կենսաբանական պատրաստուկների պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանային պայմանների ստեղծմանը, մաքսային արժեքի որոշման մասնրամասներին, փորձանմուշների մաքսազերծմանը։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև դեղագործության ոլորտում էթիկայի կանոնների ներդրման անհրաժեշտությունը, ոլորտ օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---