6 հուլիսի 2010 - 14:46 AMT
Թուրքիայի ջղագրգիռ արձագանքը Քլինթոնի այցելությանը Ծիծեռնակաբերդ պայմանավորված է ներքին քաղաքականությամբ

Այն, որ Հիլարի Քլինթոնի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր առաջացրել է Թուրքիայի «ջղագրգիռ արձագանքը», լիովին տրամաբանական է և բացատրելի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, շուտով Թուրքիայում կկայանան համընդհանուր խորհրդարանական ընտրություններ և երկրում իրավիճակը շատ լարված է: «Ներքաղաքական պայքարում Հայաստանի և հայերի նկատմամբ վերաբերմունքը մեծ դեր է խաղում, ուստի այդ այցելությունը բավական լարված ընդունվեց»,- ասել է քաղաքագետը:

Ինչ վերաբերվում է Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացմանը, նա նշեց, որ Թուրքիան փորձում է իր դերը խաղալ տարածաշրջանում: «ԽՍՀՄ օրոք Թուրքիան ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ամրակետն էր և գրեթե մեկուսացված էր: Հիմա իրավիճակը փոխվել է և Ահմեդ Դավութօղլուի «ոչ մի խնդիր հարևանների հետ» խոսքերը նշանակում են, որ Անկարան ինքը պետք է կառուցի իր հարաբերությունները սահմանակից երկրների հետ: Բայց Մերձավոր Արևելքում լուրջ դեր խաղալու համար պետք է լինել Իսրայելի թշնամին: Կրկնում եմ, որ ԽՍՀՄ օրոք Թուրքիան և Իսրայելը վտարանդի պետություններ են եղել, բայց հիմա Թուրքիան արաբական աշխարհում տեղ ունենալու համար պետք է վատթարացնի հարաբերությունները հրեական պետության հետ: Բայց հարաբերությունների վերջնական խզում չի լինի»,- ընդգծել է Իսկանդարյանը: