Երեւանում կայացել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթակոմիտեի նիստը

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-ին Երեւանում մեկնարկեց Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան-Եվրոպական Միություն ենթակոմիտեի առաջին նիստը: Ենթակոմիտեի աշխատանքները հայկական կողմից համանախագահում էին արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը:

Աշխատանքներում ներգրավված են ՀՀ գլխավոր դատախազության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, Միգրացիայի պետական ծառայության, արտաքին գործերի, արդարադատության, Էկոնոմիկայի, նախարարությունների եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների պաշտոնյաներ:

ԵՄ պատվիրակությունը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոն Կյաերը:

Հանդիպման օրակարգում էին սահմանների կառավարման, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, դատաիրավական համագործակցության, ինչպես նաեւ` ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ հարցեր:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---