7 հուլիսի 2010 - 18:46 AMT
ՀՀ ԱԳՆ. Ամեն կարեւոր հանդիպումից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը հունիսի 17-ի լույս 18 –ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին մի շարք ռազմատենչ հայտարարությունները, բանակցային գործընթացի յուրովի մեկնաբանություններով: Ըստ նրա, դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը: «Փորձելով հետ կանգնել Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը: Դրան հասնելու համար անհաջող փորձեր են կատարում վերաձեւել պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը եւ միջազգային իրավունքը»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: Ըստ նրա, չնայած Բաքվի հուսահատ ճիգերին պրահյան գործընթացը` դա պրահյան է, այլ ոչ թե բաքվի, մադրիդյան առաջարկությունները, դրանք մադրիդյան են` ոչ թե բաքվի առաջարկություններ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան` Ադրբեջանի ագրեսիան է: Տիգրան Բալայանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ:

«Դասեր չքաղելով իրական պատմությունից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով եւ ավանտյուրաներով: Այս հայտարարությունները հաստատում են այն տեսակետը, որ ամեն կարեւոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը: Կառուցողականությունը, հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների եւ սպառնալիքների վրա»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: