7 հուլիսի 2010 - 18:48 AMT
Արամ Համբարյան. ԱՄՆ պետքարտուղարի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր արդեն առաջընթաց է, բայց ոչ բավականաչափ

«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի վերաբերյալ մեկնաբանությունները դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած «մասնավոր» այցելության առնչությամբ կարելի է կիսել երկու հիմնական կարգի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նրա խոսքով, «մասնավոր» այցելությունը սահմանափակում է Հայոց ցեղասպանությունը հերքելու` թուրքական կառավարության քարոզարշավն ու ստի և ատելության ողջ այն հավաքածուն, որով այն ուղեկցվում է: «Իհարկե, պետքարտուղարի այցելությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր արդեն առաջընթաց է, բայց ոչ բավականաչափ, սակայն այն կարելի է ողջունել: Երկրորդը, Ամերիկայի հայ համայնքը գտնում է, որ ամերիկյան գաղափարների բարձր իդեալներն ու Հայաստանի արժանապատվությունը պահանջում են, որպեսզի ճշմարտության, արդարության սկզբունքների վերաբերյալ պետքարտուղարի ու նախագահի բազմակի խոստումներն իրականացվեն: Ելնելով դրանից` պետքարտուղարը չարդարացրեց մեր հույսերը, ինչպես նաև, իսկ դա կարևոր է, չկատարեց իր սեփական հրապարակային պարտավորությունները: Կրկնում եմ ևս մեկ անգամ. Նա ուրացավ իր խոստումները, և ոչ թե միայն մեր սպասումները: Այդ տարբերությունը ԱՄՆ պետքարտուղարն ու նախագահը շատ լավ հասկանում են: Ամերիկայի, Հայաստանի կամ աշխարհի այլ երկրների հայերն այդ իրողությունն անտեսելու ոչ մի պարտավորություն չունեն` ոչ բարոյական, ոչ դիվանագիտական»,- ասել է նա:

Արամ Համբարյանն ընդգծել է, որ կա հարցի պարզ լուծում` Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ պետքարտուղարի և նախագահի կողմից: