Սամվել Խաչատրյան. Աշխարհի առաջնությունում առնվազն 8 ծանրամարտիկ պետք է նվաճի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր

Սամվել Խաչատրյան. Աշխարհի առաջնությունում առնվազն 8 ծանրամարտիկ պետք է նվաճի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր

PanARMENIAN.Net - Ծանրամարտի աշխարհի ուսանողական երկրորդ առաջնությանը, որը տեղի ունեցավ Թայփում (Թայվան), Աղասի Աղասյանը 77 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է, որ Աղասյանն առաջին հայ մարզիկն է, որը կարողացավ Ունիվերսիադայում աշխարհի չեմպիոն դառնալ: «Մեր հավաքականի ելույթները ես նորմալ եմ համարում, կարևորն այն է, որ մենք ոսկե մեդալ նվաճեցինք: 2012 թ. խաղերը հավանաբար կանցկացվեն Չինաստանում, իսկ 2014 թ.` Կազանում», - ասել է Խաչատրյանը:

Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի մահվանից հետո հավաքականը ժամանակավորապես կղեկավարի ֆեդերացիայի մամլո քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: «Աշխարհի առաջնությունից հետո, որը տեղի կունենա Անթալիայում և վարկանշային կլինի, որտեղ մարզիկները կկարողանան նվաճել 2012թ. Օլիմպիադայում հանդես գալու իրավունքը, մենք հավաքականի նոր մարզիչ կընտրենք»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:

Նրա խոսքերի համաձայն, առաջնությանը կմասնակցեն մոտավորապես 1350 ծանրամարտիկ` 187 երկրից, վարկանիշ կստանան 210 ծանրամարտիկ և 140 ծանրամարտուհի: «Մենք պետք է արժանի ելույթ ունենանք: Այս տարի առնվազն 4-5 ծանրամարտիկ և գոնե 4 ծանրամարտուհի պետք է Օլիմպիադայի ուղեգրեր նվաճեն: Հաջորդ տարի առաջնությունը կանցնի Փարիզում և կրկին վարկանշային կլինի»:

Ցավոք, աշխարհի առաջնությանը չի մասնակցի 2009 թ. չեմպիոն Նազիկ Ավդալյանը (69ք/կ): Նա մարզումների ընթացքում վնասվածք է ստացել: «Նազիկն այս տարի չի մասնակցի աշխարհի առաջնությանը, քանի որ մենք ցանկանում ենք, որ նա լիովին վերականգնվի և նախապատրաստվի Եվրոպայի 2011 թվականի առաջնությանը և աշխարհի առաջնությանը»,-ասել է Խաչատրյանը:

Օգոստոսին Հայաստանի պատանիների հավաքականը կմասնակցի Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերին: Հայաստանն այնտեղ կներկայացնեն երկու ծանրամարտիկ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---