12 հուլիսի 2010 - 14:32 AMT
Այսուհետ օտարազգի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի թույլտվության օրինական կերպով աշխատել Ռուսաստանում

Եթե 2008-ին Ռուսաստանում պաշտոնապես աշխատում էր 100 000 աշխատանքային ներգաղթյալ, ապա 2009-ին նրանց թիվը կազմել է 82 000, իսկ ընթացիկ տարվա 5 ամսվա ընթացքում գրանցվել է 24 000 աշխատանքային միգրանտ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ԴՄԾ) ներկայցուցչության ղեկավար Սվետլանա Ստեպանովան: Նրա խոսքերով, դրանք այն մարդիկ են, ովքեր պաշտոնապես գրանցվել են և ստացել են աշխատանքի թույլտվություն: «Հայաստանի և Ռուսաստանի միջև մուտքի արտոնագրի պահանջի բացակայությունը թույլ է տալիս Հայաստանի քաղաքացիներին 90 օրով մուտք գործել Ռուսաստան, և գաղտնիք չէ, որ շատերն օգտագործում են այդ ժամանակն անօրինական աշխատանքի համար»,- ասել է նա և ավելացրել, որ դրա հետ կապված, 2010-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարազգի քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Օրենքը թույլ է տալիս օրինական կերպով աշխատել` աշխատանքի թույլտվություն չստանալով: «Ներմուծվել է այսպես կոչված պատենտ` աշխատանքի արտոնագիր: Դա փաստաթղթի նոր ձև է օտարազգի աշխատողի համար, որը թույլ է տալիս նրան մեկ տարվա ընթացաքում օրինական հիմունքներով գտնվել Ռուսաստանում և աշխատել: Այդ աշխատանքը նա կարող է իրականացնել ֆիզիկական անձանց` ՌԴ քաղաքացիների մոտ, կապ չունենալով ձեռնարկատիրական գործունեության հետ»,- նշել է Ստեպանովան: Նա նշել է, որ պատենտ ստանալու համար պետք է դիմել Ռուսաստանի ԴՄԾ տարածքային մարմին: Օտարազգի քաղաքացին առաջին անգամ դիմելիս պետք է ներկայացնի դիմում պատենտը ստանալու մասին, անձը հաստատող փաստաթուղթ և միգրացիոն քարտը` ԴՄԾ նշումով տվյալ քաղաքացուն միգրացիոն քարտ տրամադրելու մասին: Ընդ որում, պատենտը տրամադրվում է 1-3 ամիս ժամկետով, և այն կարող է մի քանի անգամ երկարաձգվել 3 ամսով, բայց երկարաձգումը չի կարող գերազանցել 12 ամիսը: «Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ավելի քան 5.500 քաղաքացիներ դիմում են գրել պատենտ ստանալու համար»,- ասել է նա:

2010-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարազգի քաղաքացիների իրավական վիճակի մասին դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: