Ներսես Երիցյան. Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները պետք է ներդրումային ռազմավարություն մշակեն

Ներսես Երիցյան. Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները պետք է ներդրումային ռազմավարություն մշակեն

PanARMENIAN.Net - Հայաստանում տուրիստական արդյունաբերության զարգացման նպատակով ոլորտի ներկայացուցիչները պետք է ներդրումային ռազմավարություն մշակեն` ուղղված հայեցակարգում ներառված ցուցանիշներին հասնելուն: Հուլիսի 12-ին Երևանում «Զբոսաշրջության ոլորտի հեռանկարներն ու զարգացման խոչընդոտները» թեմայով «առանց փողկապների» հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքով, մոտակա տարիների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը պետք է հասցվի 1 մլն մարդու: Բացի դրանից, նախարարն առաջարկեց անհրաժեշտ փոփոխություններ կատարել առկա օրենքներում կամ անգամ նորերն ընդունել, որոնք կկարգավորեն այդ դաշտը, ինչը թույլ կտա Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնել միջազգային մակարդակով:

CAPS ներկայացուցիչ Արսեն Մանուկյանն իր հերթին նշել է, որ «առանց փողկապների հանդիպմանը» նախորդել են ոլորտի մասնակիցների 4 քննարկումներ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, որոնց արդյունքում մոտ 30 հարց է բարձրացվել, որոնցից այսօրվա օրակարգում ներառվել են 20-ը:

Ոլորտի խնդիրներից մեկը գիդերի պատրաստումն ու նրանց լիցենզավորումն է: Այդ կապակցությամբ Հայաստանի Գիդերի գիլդիայի ներկայացուցիչը նշել է, որ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել գիդերի լիցենզավորման գործում, «որոնք պետք է կարողանան պատասխանել իրենց իրավասության մեջ մտնող ցանկացած հարցին, որը կտա զբոսաշրջիկը»: Եթե մինչ օրս հատուկ դասընթացների հաճախած ապագա գիդերը միայն թեստ էին հանձնում, ապա այսուհետ, բացի թեստավորումից, նրանք հանձնելու են երկու գրավոր և երկու բանավոր քննություններ:

Հանդիպման կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` ԱՄՆ ՄԶԳ «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև ՀՀ Զբոսաշրջության ոլորտի միությունների խորհուրդը: Ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցում էին զբոսաշրջային ընկերությունների միությունների և զբոսաշրջային մոտ 40 ընկերությունների ղեկավարներ և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք մանրամասն քննարկեցին զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները և առկա խոչընդոտները, օրենսդրության և գործնականում դրա կիրառման հետ կապված խնդիրները, որոնք համատեղ նախաձեռնություններով, պետական աջակցությամբ և օրենսդրական փոփոխություններով հնարավոր է լուծել:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և CAPS ծրագրի փորձագետների համատեղ ուժերով ներկայումս մշակվում է զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագիծ, որի ընդունմամբ առավել բարենպաստ միջավայր կստեղծվի ոլորտի զարգացման համար: Օրենքի նախագիծը մշակելիս հաշվի են առնվում զբոսաշրջային ընկերությունների առաջարկությունները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---