12 հուլիսի 2010 - 15:59 AMT
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզեցրել է գիդերի լիցենզավորման գործընթացը

Ֆիանանսների նախարարությունն արդեն որոշակի քայլեր է ձեռնարկել լիցենզավորման գործընթացի պարզեցման ուղղությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը «առանց փողկապների» հանդիպման շրջանակներում: Հանդիպումը նվիրված էր «Զբոսաշրջության ոլորտի հեռանկարներին և խոչընդոտներին նրա զարգացման ճանապարհին»: «Լիցենզիաների 156 տեսակը կրճատվեց մինչև 60-ը, այդ թվում զբոսաշրջության և գիդերի աշխատանքի ոլորտում»,-ասել է նա:

Այս առնչությամբ նա նշել է, որ նախկինում գիդերի հանդեպ կիրառվել է և լիցենզավորում և որակի հավասատգիր ստանալու անհրաժեշտություն: «Այսօր մենք պարզեցնում ենք այդ գործընթացը և թողել ենք միայն որակի հավաստագրի ստացման անհրաժեշտությունը»,-ասել է նա: Այդ համատեքստոմ փոխնախարարը նշել է, որ այդ դեպքում գիդն այլևս ստիպված չի լինի կրկնակի գործընթացի միջով անցնել: Այդ քայլն ուղղված է երկրում զբոսաշրջության զարգացմանը:

Հանդիպման կազմակերպիչն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության «Մրցունակ մասնավոր հատված» ծրագրի աջակցությամբ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի միությունների խորհուրդը: Հանդիպմանը մասնակցել են զբոսաշրջային ընկերությունների միությունները, շուրջ 40 զբոսաշրջային ընկերությունների ղեկավարներ և պետհատվածի ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն ոլորտի զարգացման հեռանկարները և առկա խնդիրները, կապված օրենսդրության կիրառման հետ, որոնք հնարավոր կլինի լուծել համատեղ ջանքերով: