Հայաստանն ու Լեհաստանը ստեղծում են իրավապայմանագրային դաշտ` երկկողմանի համագործակցության հետագա խորացման համար

Հայաստանն ու Լեհաստանը ստեղծում են իրավապայմանագրային դաշտ` երկկողմանի համագործակցության հետագա խորացման համար

PanARMENIAN.Net - Երևանում ավարտին է մոտենում հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Հանրագումարային արձանագրությունը ստորագրել են` հայկական կողմից` Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, իսկ լեհական կողմից` Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար, հանձնաժողովի համանախագահ Մարցին Կորոլեցը:

Մուշեղ Թումասյանը բարձր է գնահատել հայ-լեհական բիզնես-ֆորումի անցկացումը, նշելով, որ առաջին նիստի շրջանակներում ստեղծվելու է իրավապայմանագրային դաշտ` երկկողմանի համագործակցության հետագա զարգացման համար: Էկոնոմիկայի փոխնախարարն ավելացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի ժամանակ, որն անցկացվելու է Վարշավայում, ամփոփվելու են այսօր ստորագրված արձանագրության կետերի իրականացման արդյունքները:

Մուշեղ Թումասյանը նշել է նաև, որ նիստի շրջանակներում շոշափվել են համագործակցության հնարավոր բոլոր բնագավառները, մասնավորապես` էներգետիկայի, շինարարության և շինանյութերի արտադրության, առողջապահության բնագավառները: Քննարկվել են միջբուհական համագործակցության և տեխնոպարկերի ստեղծմանը առնչվող հարցեր, լեհական ընկերությունները «Նաիրիտ» գործարանի հետ բանակցություններ են վարում, քննարկվում է ID –քարտերի ստեղծման, բարձր պաշտպանվածությամբ արժեթղթերի տպագրման հարցեր:

Նա նաև նշել է, որ երկու կողմերն էլ համակարծիք են, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում լիարժեք չի օգտագործվում եղած ներուժը: Փոխնախարարը հաղորդել է, որ 2009 թ. Հայաստանի և Լեհաստանի ապրանքաշրջանառությունը 30 մլն դոլար է կազմել, իսկ դրա ծավալի նվազումը պայմանավորված է համաշխարհային ճգնաժամով:

Մարցին Կորոլեցն իր հերթին ավելացրել է, որ տնտեսական ու քաղաքական երկկողմանի համագործակցության խորացման համար ստեղծվում են բոլոր մեխանիզմները` երկու երկրների գործարարները արդյունավետ աշխատում են անցկացվող բիզնես ֆորումի շրջանակներում, երկու շաբաթ առաջ «Լեհական ավիաուղիները» բացել են Երևան-Վարշավա-Երևան չվերթը: «Վաղն սպասվում է երկու երկրների ՆԳ նախարարների հանդիպումը, որը, կարծում եմ, բարձր դիվանագիտական մակարդակով է անցնելու», - ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---