Ստամբուլում կայացավ «Թուրքիա-ԵՄ քաղաքական երկխոսություն» նիստը

PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացավ «Թուրքիա-ԵՄ քաղաքական երկխոսություն» նիստը: Նիստին մասնակցում էին Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, ԵՄ միջազգային գործերով ու անվտանգության քաղաքականության գծով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ինչպես նաև պետական նախարար, ԵՄ հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բագիսը:

Նիստում քննարկվեցին ոչ միայն Թուրքիայի ու ԵՄ միջև հարաբերությունները, այլև Իրանի միջուկային խնդրի լուծման շուրջ դիվանագիտական ջանքերը: Կարծիքներ փոխանակվեցին Թուրքիայի ու Եվրամիության միջև տարածաշրջանային ու միջազգային հարցերում համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ:

2009 թվականի դեկտեմբերի 1-ի Լիսսաբոնյան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ «Թուրքիա-ԵՄ քաղաքական երկխոսություն» նիստերը փոխարինել են նախկինում անցկացվող «ԵՄ եռյակ-Թուրքիա» ձևաչափով նիստերին: Ստամբուլում կայացած ներկայիս նիստը Քաղաքական երկխոսության նախարարների մակարդակով առաջին նիստն էր Թուրքիայի ու ԵՄ միջև:

Ավելի վաղ ԵՄ միջազգային գործերով ու անվտանգության քաղաքականության գծով Գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը գոհունակություն էր հայտնել այն առիթով, որ Թուրքիան վերջերս սկսել է ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել, և նրա դերը տարածաշրջանում աճել է:

Իսկ ԵՄ ընդլայնման ու բարիդրացիության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել է, որ այս տարի բանակցությունների ընթացքում կարող են նոր բաժիններ բացվել քննարկման համար, եթե Թուրքիան կատարի անհրաժեշտ պայմանները, հաղորդում է TRT-Russian-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---