14 հուլիսի 2010 - 14:20 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը վճարումների ընդունման նոր համակարգ է գործարկում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է վճարումների ընդունման նոր համակարգի գործարկման մասին, ինչը զգալիորեն կհեշտացնի Beeline ցանցում հաշվի վերալիցքավորման և ծառայությունների դիմաց վճարման գործընթացը: Այսուհետ, Ընկերության դիլերները Երևանի և մարզերի մասնագիտացված և ոչ մասնագիտացված վաճառքի կետերում իրական ժամանակում կարող են ընդունել և փոխանցել հաճախորդի հաշվին անհրաժեշտ գումար:

Ինչպես ասվում է «ԱրմենՏել» ընկերության մամլո հաղորդագրության մեջ, «Հաշվի լիցքավորում» ծառայության միջոցով վճարումների ընդունման համակարգը հասանելի է Երևանի ավելի քան 250 և մարզերի 650 կետերում: Այդ կետերն են` բջջային հեռախոսների վաճառքի գծով մասնագիտացված խանութներ, սուպերմարկետներ, մթերային խանութներ և կրպակներ: Ծառայությունը ոչ միայն հնարավորություն է տալիս վերալիցքավորելու կանխավճարային քարտը, այլև կատարելու վճարումներ բջջային կամ ֆիքսված հեռախոսակապի, 3G Ինտերնետ կամ Hi-Line ծառայությունների դիմաց 10 դրամից մինչև 500000 դրամի չափով: Փոխանցման համար միջնորդավճար չի գանձվում:

«Կապի միասնական օպերատորի այս նոր առաջարկը բաժանորդին հնարավորություն է տալիս հարմար վայրում ամենաօպտիմալ տարբերակով վճարել կապի ծառայությունների դիմաց, վերալիցքավորել ինչպես իր, այնպես էլ ընկերների կամ բարեկամների հեռախոսահամարները», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Խանութում կամ կրպակում համապատասխան տեղեկատվական պաստառի առկայությունը նշանակում է, որ այնտեղ գործում է վճարումների ընդունման կետ: Հետագայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել վճարումների ընդունման կետերի քանակը ողջ երկրում: