14 հուլիսի 2010 - 14:29 AMT
Ռադոսլավ Սիկորսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

Հայաստանում ընթացող այցի շրջանակներում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղկեպսակ է դրել անմար կրակի մոտ: Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը նաև ծառ է տնկել Հիշատակի ծառուղում:

2005 թվականի ապրիլին Լեհաստանի Սեյմը միաձայն որոշում է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Այն տարիների ոճրագործությունների մասին հիշողությունը բոլոր պետությունների և բարի կամքի տեր բոլոր մարդկանց բարոյական պարտականությունն է»,-ասվում է Սեյմի որոշման մեջ: