14 հուլիսի 2010 - 15:34 AMT
Հայաստանն ակնկալում է, որ ԵՄ-ն ավելի հետևողական կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման գործում

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Եվրոպական խորհրդարան: Նա ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստում: Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանն ասաց. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային համատեքստում: Ըստ նրա, Թուրքիան ներկայումս պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների` համաձայն Ցյուրիխում միջազգային բարձր միջնորդությամբ ստորագրված արձանագրությունների ոգուն, դրանով իսկ վերջ դնելով Եվրոպայում միակ փակ սահմանի գոյությանը:

«Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը և դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը: Մեր համոզմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կնպաստի տարածաշրջանում անվտանգության և համագործակցության ամրապնդմանը:

Սույն հարցի կապակցությամբ կցանկանայի դիմել Ձեր Հանձնաժողովին` ակնկալելով, որ Եվրամիությունն ավելի հետևողական կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման գործում»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:

«Յուրաքանչյուր պատվիրակություն, որն այցելում է այն երկիրը, որը ներկայացնում ենք այստեղ, բոլորովին նոր, ճշգրիտ պատկերացում է ստանում մեր քաղաքական, տնտեսական և մշակութային առաջընթացի, և ինչու չէ, դժվարությունների մասին: Ճիշտ այնպես, ինչպես վերջերս տրամագծորեն վերափոխված տպավորություններով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունից հայրենիք վերադարձավ Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում էին ոչ միայն Ֆրանսիա-Հայաստան, այլ նաև Ֆրանսիա-Թուրքիա բարեկամության պատգամավորական խմբերի ներկայացուցիչները:

Օգտվելով այս պատեհ առիթից` գոյություն ունեցող պաշտոնական ձևաչափերից դուրս, մեր խորհրդարանների միջև շփումներն առավել ակտիվացնելու նպատակով ցանկանում եմ ճանաչողական այցով Հայաստան հրավիրել Եվրոպական խորհրդարանում, մասնավորապես Ձեր հանձնաժողովում ներկայացված բոլոր խմբակցություններից ներկայացուցիչների` մեր երկիրը մոտիկից տեսնելու, հոգևոր և պատմամշակութային արժեքներին ծանոթանալու և հայ ժողովրդի հյուրընկալությունը վայելելու համար»,-ասել է նա:

Նույն օրը ԱԺ նախագահը հանդիպումներ ունեցավ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ պարոն Լասլո Տոկեշի, ՙԵվրանեսթ՚-ի փոխնախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յարեկ Սարյուս-Վոլսկո, Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբերնոշի եւ պատվիրակության, «Եվրանեսթ»-ի պատվիրակության ղեկավար Քրիստիան Վիգենինի եւ նախագահության հետ, ինչպես նաեւ ԵԺԿ գլխավոր քարտուղար, ԵԽ պատգամավոր Անտոնի Լոպես-Իստուրիզ Ուայթի հետ, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: