14 հուլիսի 2010 - 16:44 AMT
Տիգրան Սարգսյան. ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Լեհաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման հարցում

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նկատվում է հայ-լեհական հարաբերությունների ակտիվացում։ Լեհաստանի վարչապետի հետ զրույցի և ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կառավարությանը հետաքրքրված է Լեհաստանի հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդմամբ և աշխուժացամամբ։ Վարչապետը ողջունելի է համարել նման հանդիպումները, նշելով, որ հայ-լեհական տնտեսական համագործակցությունը զարգացնելու զգալի ներուժ գոյություն ունի, որը լիարժեք օգտագործված չէ։

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-լեհական քաղաքական հարաբերությունները և նշել, որ երկու երկրների միջև տնտեսական հարաբերերությունը ևս պետք է հասցվի նույն մակարդակին։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լեհական քաղաքական եւ տնտեսական գործակցության խորացման հարցերին։ Նշվել է, որ ԵՄ Արևելյան գործընկերությունը նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի և ԵՄ-ի ու նրա անդամ երկրների միջև համագործակցությունը։ Բարձր է գնահատվել Լեհաստանի կարևոր ներդրումն ու դերակատարությունն այս հարցում։ Տիգրան Սարգսյանը հյուրերին է ներկայացրել հանքահումքային արդյունաբերության, մասնավորապես` պղնձի, մոլիբդենի, բազալտի, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտներն ու դրանցում ներդրումներ կատարելու հնարավորությունները։