14 հուլիսի 2010 - 17:17 AMT
ՀՀ-ԵՄ. Խորհրդատուների աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին դրական է գնահատվել

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խումբն արդեն մեկ տարի է ինչ աջակցում է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Այդ առիթով հունիսի 14-ին նրանց ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը ներառում է բարեփոխումներ շուրջ 190 ուղղություններով: Դրական գնահատելով Հայաստանում ԵՄ խորհրդատուների 18 հոգանոց խմբի աշխատանքը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ նրանք մեծ աջակցություն են ցուցաբերել տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը. «Երեք ուղղություններով իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտներում: Մենք կարողացանք խորացնել ՀՀ-ԵՄ քաղաքական գործակցության մակարդակը, որի արդյունքում այսօր բարձր մակարդակի խորհրդակցությունները Հայաստանի և ԵՄ-ի միջև արդյունավետ շարունակվում են: Խորհրդատվական խմբի աշխատանքի կոնկրետ արդյունքներից մեկն է Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի հիմնադրումը, որն արդեն գործում է: Լուրջ քայլեր են կատարվել Հայաստանի քաղաքացիներին ԵՄ անդամ երկներ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման ուղղությամբ: Մենք գտնում ենք, որ պետք է հնարավոր ամեն ինչ արվի, որպեսզի արտոնագրերի ստացման ընթացակարգերը պարզեցվեն, եւ Հայաստանի քաղաքացիները քիչ դժվարություններ ունենան ԵՄ անդամ երկրներ այցելելիս: Արդեն ունենք առաջին արդյունքները, Հայաստանի` դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող քաղաքացիներն իրավունք ունեն առանց արտոնագրի մեկնել ԵՄ անդամ 9 երկրներ, ԵՄ անդամ այլ երկրների հետ բանակցություններն ընթացքի մեջ են»:

Կարևոր ձեռքբերումներից մեկն էլ, ըստ Արթուր Բաղդասարյանի, ՀՀ-Եմ քաղաքական ասոցացման համաձայնագրի կնքման ուղղությամբ բանակցությունների մեկնարկի նախապատրաստումն է, որը հնարավորություն կտա լուրջ հիմքերի վրա դնել ՀՀ-ԵՄ քաղաքական համագործակցությունը ասոցացման համաձայնագրի շրջանակում:

«ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ Հայաստանում ձևավորվել է ՀՀ-ԵՄ նոր` արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով կոմիտե, որն արդեն գումարել է առաջին նիստը: Սա նշանակում է, որ մենք լրջորեն շարունակելու ենք բարեփոխումները մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի, արդարադատության ոլորտներում, որտեղ լրջագույն խնդիրներ են կուտակված: Նոր կոմիտեի ստեղծումը հնարավորություն կտա լուրջ արդյունքներ արձանագրել նշված ոլորտներում: Այս տարի ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ կավարտենք մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակումը, որը ենթադրում է ոչ միայն օրենսդրական, այլև` ինստիտուցիոնալ լուրջ բարեփոխումներ»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ լուրջ բարեփոխումներ են իրականացվել նաև մաքսային համակարգում, պարզեցվել են մաքսազերծման ընթացակարգերը, վերացվել է ավելորդ թղթաբանությունը, աշխատանքներ են կատարվել ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ: Բարեփոխումները ներառել են նաև գյուղատնտեսության, էկոնոմիկայի, առողջապահության և այլ ոլորտներ:

ԵՄ խորհրդատվական խմբի գործունեության` Հայաստանում առաջին անգամ կիրառված և հաջողված փորձը նախատեսվում է ներդնել ԵՄ-ի հետ համագործակցող այլ երկրներում, մասնավորապես` Մոլդովայում եւ Վրաստանում:

ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բիոնկեն էլ շնորհակալություն է հայտնել Արթուր Բաղդասարյանին խմբի աշխատանքներին մեծապես աջակցելու համար:

Խորհրդատուները ներկայացրել են տարբեր ոլորտներում կատարված աշխատանքները, արձանագրված արդյունքները եւ հետագա անելիքները:

Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ակտիվ և արդյունավետ գործունեության համար Արթուր Բաղդասարյանը Ռոլֆ Բիոնկեին պարգեւատրել է շնորհակալագրով: Այս մասին հաղորդում է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը: