Սեյրան Օհանյանը հանդիպեց սփյուռքահայ երիտասարդների հետ

Սեյրան Օհանյանը հանդիպեց սփյուռքահայ երիտասարդների հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 50 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով հանդիպման նախաձեռնությունն ու միջոցառման անցկացումը` Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման ու զարգացման փուլերին՝ առանձնացնելով այն իրողությունը, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում:

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ 1994թ.-ից` մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց և տարիների ընթացքում կատարելագործվեց թե’ զորքերի կառավարումը և թե’ սպառազինությունը, բարձրացավ անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Այս ամենի արդյունքում այսօր մենք ունենք մարտունակ և կանոնավոր բանակ, որը հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է:

Կարևորելով սփյուռքահայության դերը երկրի առաջընթացի գործում՝ Ս. Օհանյանն ընդգծեց, որ արցախյան պատերազմի տարիներին մեծ է եղել սփյուռքի դերը և սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդներ մասնակցել են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Եվ այսօր ուրախալի են սփյուռքահայ երիտասարդների մշտական դարձած այցելությունները:

Այնուհետև պաշտպանության նախարարը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին և պատերազմի վերսկսման հավանականությանը, ՀՀ զինված ուժերի մարտունակությանը:

Հանդիպման ավարտին «Դեպի Հայք» հիմնադրամի անդամները շնորհակալություն հայտնեցին պաշտպանության նախարարին ջերմ ընդունելության համար և հույս հայտնեցին, որ այսպիսի հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Սփյուռքահայ երիտասարդները կայցելեն նաև ազգային բանակի զորամասեր և կծանոթանան զինվորների ծառայողական առօրյային, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---