15 հուլիսի 2010 - 13:12 AMT
Հայաստանի կառավարությունը լիբերալ պայմաններ է առաջարկում ՀԴՄ-ների շահագործման համար

Տնտեսվարող սուբյեկտների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) շահագործման պայմանները կթեթևանան, հուլիսի 15-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբեն Քոչարյանը: Նրա խոսքերով, 2009-ի սկզբին ՀԴՄ-ի հարցում ներկայացվում էին բավական խիստ պայմաններ, մասնավորապես, տնտեսվարող սուբյեկտը պետք է պայմանագիր կնքեր համապատասխան սուբյեկտի հետ, որի պարտավորությունների մեջ մտնում էր ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկումը: «Այսօր մենք լիբերալ պայմաններ ենք առաջարկում ՀԴՄ-ների շահագործման համար, որն ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը»,- ասել է նա:

Քոչարյանը նաև հաղորդեց, որ Հայաստանի տարածքում գրանցված են շուրջ 40 000 ՀԴՄ-ներ, իսկ դրանց տերերը այսուհետև կարող են ընտրել սպասարկող կազմակերպությանը կամ սեփական նախաձեռնությամբ վերանորոգել ՀԴՄ-ն: