15 հուլիսի 2010 - 13:14 AMT
Քշիշտոֆ Զանուսին խորհուրդ է տվել հայ ռեժիսորներին ավելի լայն ցուցադրության հասնել Սփյուռքում

«Այսօր դժվար չէ ֆիլմ ստեղծելը, կարելի է լիամետրաժ ֆիլմ նկարահանել նույնիսկ բջջային հեռախոսով: Շատ ավելի դժվար է հասնել ֆիլմի լայն ցուցադրության»,-ասել է հայտնի լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին հուլիսի 15-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ նրա, Հայաստանում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում, ներքին շուկան շատ փոքր է և պետությունը չի միջամտում կինոյի բիզնեսին, ուստի հայ ռեժիսորները պետք է փորձեն իրենց ֆիլմերի ավելի լայն ցուցադրություն ապահովել Սփյուռքում: Ըստ Զանուսիի, նրանք նման հնարավորություն ունեն: Նա նշեց նաև, որ լեհական կինոն այժմ վերելք է ապրում, քանի որ վերջերս Լեհաստանում կինոյի մասին օրենք ընդունվեց, ըստ որի կինոպրոկատի 1,5 տոկոսն ուղղվում է կինեմատոգրաֆի զարգացմանը: Բացի այդ, Լեհաստանի կինոգործիչների միությունը ֆինանսավորում է երիտասարդ ռեժիսորների ֆիլմերը: «Ես ավելի շատ պրոդյուսեր եմ, քան ռեժիսոր, և պետք է հաշվարկեմ իմ ֆիլմերի նպատակային հանդիսատեսին: Սակայն, երբեմն անակնկալներ են լինում, հիմնականում, վատ, բայց, երբեմն նաև լավ` երբ լայն շրջանակների համար չնախատեսված ֆիլմն անշլագ է առաջացնում»,-ասել է լեհ ռեժիսորը:

Քշիշտոֆ Զանուսին մասնակցում է հուլիսի 13-16-ը Երևանում ընթացող «Ոսկե ծիրան» փառատոնին: Կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի լեհ ռեժիսորի վերջին` «Պատասխան այց» ֆիլմը, ինչպես նաև «Քիմիա» և «Բեռլինյան ճագարը» փաստագրական ֆիլմերը: