15 հուլիսի 2010 - 17:56 AMT
Վիգեն Չալդրանյան. «Իմ ֆիլմերը Երևանին ուղղված սիրո խոստովանություններ են` չալդրանյանավարի»

«Ինձ հաճախ են հարց տալիս, թե ինչու եմ ես կինոնկար նկարահանում: Բանն այն է, որ միայն կինոյում եմ ես կարողանում լիարժեքորեն անկեղծ լինել, քանի որ լիարժեքորեն անկեղծ մարդը պետք է խենթ լինի»: Իմ ֆիլմերի ցուցադրման ժամանակ ես միշտ նյարդայնանում եմ, քանի որ ինձ թվում է, թե ես հանդիսատեսի առաջ եմ կանգնում մերկացած», - «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը:

Ռեժիսորը նշել է, որ վաղուց արդեն չի կարդում իր ֆիլմերի մասին գրախոսականներ. «Ինձ հաճախ զանգում են իմ մտերիմները և խորհուրդ են տալիս կարդալ այս կամ այն հոդվածը: Վերջին ժամանակներում ավելի հաջողված են արտասահմանցի քննադատների գրախոսությունները»:

Իր «Մաեստրո» ֆիլմը Վիգեն Չալդրանյանը բնութագրել է որպես Երևանին և Հայաստանին ուղղված չալդրանյանական սիրո խոստովանություն: «Ես սիրո խոստովանությունն անում եմ` խարազանելով թերությունները», - նշել է ռեժիսորը: Նա նաև ընդգծել է, որ չի գտնում, թե հաջողության է հասել, նշելով հանդերձ, որ հասել է իր համար ավելի կարևոր մի բանի` անկախության. «Իմ ֆիլմերում քաղաքականություն չկա, ես իշխանության կողմնակից չեմ, ինձ ոչ ընդդիմադիրը, ո’չ որևէ մեկը չի կարող թելադրել»: Հենց այդ պատճառով նա ինքն իրեն երջանիկ մարդ է համարում: « Ինձ համար մրցանակները կարևոր չեն: Միգուցե երիտասարդ տարիներին դրանք ինձ համար ինչ որ նշանակություն ունեցել են, բայց հիմա ավելի կարևոր է ժամանակի պարգևը», - ընդգծել է Վիգեն Չալդրանյանը: