Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագիրը հոկտեմբերի վերջին կներկայացվի ՀԲ Տնօրենների խորհրդի հաստատմանը: Այդ մասին հուլիսի 16-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Համաշխարհային բանկի գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետ Խուան Նավարես-Սաբատերը: «Մենք արդեն եզրափակիչ փուլում ենք, տվյալ պահին անցկացվում է գնահատման գործընթաց, որին կհետևի բանակցությունների վերջնական փուլը»,- ասել է նա: Ծրագրի հիմնական նպատակն է «էլեկտրոնային հասարակության» գաղափարի զարգացումը, տեղական ընկերությունների զարգացումը խթանելը, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետի հասանելիության բարձրացումը:
ՀԲ առաջատար մասնագետի կարծիքով, «Էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության» ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից. էլեկտրոնային հասարակության ենթակառույցների զարգացում և մասնավոր հատվածի հնարավորություների ուժեղացում: «Նախատեսվում է ինտերնետով ապահովել Հայաստանի ամենահեռավոր մարզերը, միասնական ցանց ստեղծել, որում կներառվեն բոլոր պետական կառույցները: Նախատեսվում է նաև էլեկտրոնային անձնագրերի և էլեկտրոնային ստորագրությունների ներմուծում»,- ասել է նա:
Ինչ վերաբերվում է երկրորդ բաղադրիչին, ապա այստեղ նախատեսվում է աջակցություն օրենսդրական դաշտի համար` հաշվի առնելով միջազգային պահանջները, վենչուրային հիմնադրամի ստեղծումը: Նախատեսվում է նաև աջակցել տեղական ընկերություններին միջազգային շուկա դուրս գալու համար, այդ թվում`անհրաժշետ կապերի հաստատում Սիլիկոնային հովտի ընկերությունների հետ և արտահանման կազմակերպում:
Ինչպես հաղորդել է Խուան Նավարես-Սաբատերը, ծրագրի արժողությունը գնահատվում է 24 մլն դոլար, որը կտրամադրվի որպես վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի պայմաններով, ծրագիրը նախտեսված է 4 տարվա համար: