16 հուլիսի 2010 - 15:02 AMT
Զբոսաշրջիկների հոսքը ԼՂՀ առաջին կիսամյակում ավելացել է 45 տոկոսով

Օտարերկրացիների հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ աճում է: ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն 2010 թ. առաջին կիսամյակում հանրապետություն այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 45%-ով ավելացել է 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Ինչպես ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի,Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, ԱՊՀ երկրների քաղաքացիները: Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են դրսևորում տարբեր երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչները:

Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Շուշի, Գանձասար, Ամարաս, Դադիվանք, հնագույն քաղաք Տիգրանակերտ: